ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում էր ՙԲարև Երևան՚ դաշինքի ընտրացուցակը Երևանի ավագանու ընտրություններում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հաստատել է տեղեկությունն այն մասին, որ համահանրապետական ընտրությունների նախաշեմին ՙԺառանգություն՚ կուսակցությանը բազմաթիվ անգամներ առաջարկել են հարյուր հազարավոր դոլարների կաշառք:
Նշենք, որ մայիսի 7-ին ինտերնետում տեսանյութ է հայտնվել, որտեղ Մարտիրոսյանը, ապրիլի 9-ին միջադեպից հետո, երբ նրան բերման էին ենթարկել, ոստիկանության անվտոմեքենայով գնալիս փորձում է ազդել իրավապահների ինքնագիտակցության վրա, պնդելով, որ ինքը պայքարում է նրանց համար, նրանց արժանապատիվ կյանքի համար, որ իրեն որինչ պետք չէ, որ իրեն ու իր կուսակիցներին բազմաթիվ անգամներ հարյուր հազարավոր դոլարների կաշառք են առաջարկել, բայց նրանք հրաժարվել են դրանից:
Սակայն, քաղաքական գործիչը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ով է առաջարկել կաշառքը, պատճառաբանելով, որ կարող է զրկվել իշխանությունում գտնվող ինֆորմացիայի իր աղբյուրներից: ՙԵս երբեք չեմ բացում ինֆորմացիայի իմ աղբյուրը: Միայն մի բան կասեմ, որ առաջարկները եղել են իշխանական ճամբարից՚,-ընդգծել է նա:
Նշենք, որ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 335 Հոդվածի, հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: