Պաշտոնական Անկարան փորձում է հայ-թուրքական
հարաբերությունների շուրջ գործընթացների իմիտացիա ստեղծել: Դեկտեմբերի 11-ին
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուն Հայաստան այց չի կատարում, այլ ընդամենը մասնակցում է ՍԾՏՀԿ նիստին,
որն ընթանում է Երևանում: Իսկ ԶԼՄ-ների իրարանցումը է ստեղծել է բարձր մակարդակի
այցի տպավորություն, որից իբր պետք է բեկում ակնկալել: Պետք է հասկանալ, որ
Թուրքիայի դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել, հետևաբար, և ոչ մի ակնկալիք
չի կարող լինել», - նշել է դաշնակցականը: Մանոյանի ասելով, 2015 թվականին Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան պարբերաբար պատրանք կստեղծի,
թե Հայաստանի և Թուրքիայի միջև որոշակի գործընթացներ են ընթանում, թեև դրանք չեն
կարող լինել: Երկու երկրների միջև հարաբերություններն սպառվեցին, երբ պաշտոնական
Անկարան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրություններն` առանց
նախապայմանի: Ոչ ոքի չի՞ մտահոգում այն հարցը, թե իսկ ինչու Հայաստան չի ժամանում
Ադրբեջանի արտգործնախարարը: Այսօր Թուրքիայի շահերը պահանջում են, որպեսզի նա
միջազգային հանրությանը ցուցադրի, թե ինքը որքան կառուցղական է: Իրականում
Անկարայի կողմից կարգավորման ոչ մի պատրաստակամություն չկա», - ասել է Մանոյանը:
Նա նշել է հայ-թուրքական
արձանագրություններն ԱԺ օրակարգից հանելու անհրաժեշտությունը` 2015 թվականին դրանց
հետ չառերեսվելու նպատակով: «Իսկ մենք պետք է մեր ջանքերը միավորենք Հայոց
ցեղասպանության ճանաչման մեր պահանջներն առաջ մղելու համար», - հայտարարել է նա:
Մեկնաբանելով ԶԼՄ-ներում
շրջանառվող այն տեղեկատվությունը, թե հայկական կողմն Անկարային առաջարկել է երկկողմ
հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ», Մանոյանը նշել է, որ դա
«Առավոտ» թերթի կողմից թուրքական ԶԼՄ-ների ջրաղացին ջուր լցնելու փորձ էր: «Հայաստանի
ԱԳՆ արդեն հերքել է այդ տեղեկատվությունը: Թեև դա ինքնին վատ նախաձեռնություն չէ,
եթե իրոք առաջարկվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - եզրափակել է նա: