Երևանի քաղաքապետարանում ընթանում է Ավագանու խորհրդի արտակարգ նիստ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ, որից հետո սպասվում է քաղաքապետի հայտարարությունը մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման առնչությամբ:
Ինչպես կառավարության նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, այս օրերին Մարգարյանն ուշադիր հետևում էր հասարակական հուզմանը, բողոքներին և առաջարկություններին, հանդիպում է քաղաքացիական հատվածի, տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչների հետ: ՙԱյժմ նա հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում Ավագանու խորհրդի կուսակցական խմբակցությունների հետ: Այդ հանդիպումների արդյունքների ամփոփումից հետո այսօր քաղաքապետը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՚, - հավաստիացրել է Արեյանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ երեկ երեկոյան կառավարությանը հայտ էր ներկայացրել իր նախաձեռնած ՙգաղտնի հարցը՚ քննարկելու առաջարկությամբ: Դա, գործնականում, եզակի դեպք է, երբ կառավարությանը նման առաջարկով են դիմում: ՙԳաղտնի հարցի՚ քննարկման ընթացակարգը ենթադրում է տեսախցիկների անջատում կառավարության նիստերի դահլիճում: