«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն
Մարտիրոսյանը ձեռնպահ է մնացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Րաֆֆի
Հովհաննիսյանի հանդիպմանն առնչվող մանրամասն մեկնաբանություններից, քանի որ, նրա
ասելով, շատ հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:
Մարտի 14-ին տեղի է ունեցել ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդել են
կուսակցությունների մամուլի ծառայությունները, հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի համախմբման միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման
ընթացքում կողմերը շատ հարցերի շուրջ համաձայնության են հանգել, անհաղթահարելի
տարաձայնություններ չեն եղել: «Երկու կողմերն էլ հասկանում են, որ ստեղծված բարդ
սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական
ուժերի և քաղաքացիական հանրության համախմբում», - նկատել է նա: Ընդ որում
քաղաքական գործիչը չի ցանկացել կանխատեսել, թե արդյոք քաղաքական ուժերը կարող են
մի կողմ դնել բոլոր նկրտումները և հասնել լիակատար փոխհամաձայնության: «Մեկ բան
պարզ է. Հայաստանի փրկության համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, և բոլոր
կուսակցությունները դա արդեն գիտակցել են: Նրանք տրամադրված են կառուցողականորեն»,
- հայտարարել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք,
որ ոչ իշխանական 4 խորհրդարանական խմբակցությունները (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ,
«Ժառանգություն») քննարկումներ են անցկացնում միասնական քաղաքական օրակարգ
ձևավորելու նպատակով` հետագայում կառավարությանն անվստահություն հայտնելու
հեռանկարով: Մարտի 11-ին կայացել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ՀԱԿ
ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Ծառուկյանը հանդիպել էր ՀՅԴ անդամների հետ: 4
ուժերի միջև նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն: