Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ Ոստիկանությունը ՙՉեմ վճարի 150 դրամ՚ նախաձեռնության երկու ակտիվիստի է ձերբակալել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը դեպքի վայրից, ձերբակալվածները նախաձեռնության երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Սաֆարյանն են:
Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի ասելով, ակտիվիստները խախտել են հասարակական կարգը, ինչի համար էլ ձերբակալվել են: Օսիպյանը հրաժարվել է հաղորդել, թե կոնկրետ ինչի համար է տեղի ունեցել ձերբակալությունը` կոչ անելով դիմել Ոստիկանության մամուլի ծառայություն:
Մինչդեռ ՙՉեմ վճարի 150 դրամ՚ նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 23-ի ակցիաների ժամանակացույցը: Նախաձեռնության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ՙԵրիտասարդական՚ մետրոյի, քաղաքապետարանի մոտ, Երևանի տարբեր կանգառներում, Մաշտոցի պուրակում նախատեսվում են հանդիպումներ վարորդների հետ:
Հուլիսի 20-ից Երևանում ավտոբուսների և երթուղային տաքսիների ուղեվարձը դարձել է 150 դրամ` նախկին 100-ի դիմաց, տրոլեյբուսների ուղեվարձը` 100 դրամ` նախկին 50-ի դիմաց, մետրոյի ուղեվարձը չի փոխվել (100 դրամ):