Երևանի քաղաքապետարանի մոտնստացույց հայտարարած ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստ Սուրեն Սահակյանի առողջական վիճակն անփոփոխ է մնում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է նրա ընկեր Կարեն Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով, գիշերը Սուրենի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, առանց որևէ հետազոտության, ախտորոշել են բրոնխիտ: ՙՆրան պետք է տեղափոխեին վճարովի բաժանմունք, սակայն Սուրենը որոշել է վերադառնալ քաղաքապետարանի մոտ, որտեղ նրա առողջական վիճակը վատթարացել է, ինչից հետո կրկին Շտապ օգնության մեքենա է կանչվել՚,- նշել է ակտիվիստը: Նա նաև ընդգծել է, որ բժիշկները պատշաճ ուշադրություն չեն հատկացրել հիվանդին և անփութորեն են վերաբերել նրան: ՙՆրանք փորձել են անել հնարավոր ամեն բան, որպեսզի նստացույցը դադարեցվի: Արդյունքում Սուրենը տուն է գնացել, և հիմա նրա վիճակն անփոփոխ է: Նա թույլ է զգում իրեն, ունի բարձր ջերմություն՚,- ընդգծել է Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է ակտիվիստների երեկվա հայտարարությանը և հայտարարել, որ հետևում է իրավիճակին: ՙՍակայն, դա բավարար չէ: Անհրաժեշտության դեպքում, որն արդեն կա, մենք կրկին կփորձենք վրան տեղադրել՚,- հայտարարել է ակտիվիստը:
Նշենք, որ ավելի վաղ ակտիվիստները փորձել են վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են դրան: Դրանից հետո ակտիվիստները դիմել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին`նստացույցի անցկացման արժանավայել պայմաններ ապահովելու խնդրանով: