Մաքսային միությունն իրավունքն ու ազատությունն ատող բռնապետերի միություն է: Եվ եթե Հայաստանը միանա այդ կառույցին, չի կարողանա իրականացնել բարեփոխումներ, որոնք կապահովեին մարդու իրավունքների պահպանությունը և ժողովրդավարության ամրապնդումը: Այդ մասին այսօր կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցելու Երևանի սեպտեմբերի 3-ի որոշումը շոկային որոշում էր`ընդունված Ռուսաստանի ճնշման ներքո: ՙԱյդ որոշումը ղարաբաղյան հակամարտության թեմայով Կրեմլի շահարկումների արդյունք էր: ԵՄ հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի նախաստորագրման դեմ արշավ Ռուսաստանն սկսել է Ադրբեջանին հարձակողական սպառազինության մատակարարումներով, այնուհետև այն շարունակվել է ռուս վերլուծաբանների`ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում կանխատեսող մի շարք հայտարարություններով: Ի դեպ, այսօր այդ սպառնալիքներն արդեն հնչում են Բաքվի հասցեին: Նման մեթոդները վկայում են այն մասին, որ իրականում Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոչ թե երաշխավորն է, այլ` գլխավոր սպառնալիքը՚,- նշել է Մեհրաբյանը:
Փորձագետը հավելել է, որ այսօր շատ բան է կախված Ուկրաինայից, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու որոշման հարցում վերջինիս աննկունությունից: ՙՈւկրաինայի բացակայությունը Մաքսային միությունում անիմաստ կդարձնի այդ, ըստ էության, կայսերական միությունը: Կիևի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կստեղծի աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, որը կարող է ձեռնտու լինել նաև Երևանի համար՚,- ամփոփել է Մեհրաբյանը: