«Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել էին լուծել առաջադրված խնդիրները:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, մրցույթի ժյուրիի գնահատմամբ առաջին տեղը կիսեցին Երևանից IRC և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը: Այս թիմերի յուրօրինակ տեխնիկական լուծումներով նախագծած և ծրագրավորած ռոբոտները անսխալ կատարեցին տրված առաջադրանքը՝ հավաքելով հնարավոր առավելագույն միավորները: Նշենք նաև, որ Digital Cloud թիմը ԴիջիԹեք Էքսպո 2014-ի շրջանակներում անցկացված «ԷկոՌոբոտ» մրցույթի հաղթողն է, իսկ IRC թիմը ձևավորվել է նույն՝ Robofest-ի այցելուներից: Մրցույթի նախնական փուլերում ներկայացնելով միայն ծրագրային առաջարկությունը՝ թիմին տրամադրվեցին ծրագրին համապատասխան ռոբոտի դետալներ:
Մրցույթի կազմակերպիչների սահմանած «Լավագույն
տեխնիկական լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Digital Cloud թիմը, իսկ
Գավառի թ. 2 միջնակարգ դպրոցի «Գավառ» թիմն արժանացավ «Ամենաերիտասարդ թիմ»
խրախուսական մրցանակին:
Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն
տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր
տեխնոլոգիաների նկատմամբ և ի հայտ բերել օժտված պատանիների և աղջիկների, ովքեր
հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում:
Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 50-ը՝
մարզերում և Արցախում: Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են
դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ,
Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն):
«Ակնառու է, որ դպրոցական ինժեներական խմբակներն ու այս
մրցաշարը մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների և դպրոցականների
շրջանում, ինչը մեզ պարտավորեցնում է առավել ընդլայնել ոչ միայն այդ խմբակների
աշխարհագրությունը և երիտասարդների ներգրավվածությունը, այլև նմանատիպ մրցույթների
բովանդակությունն ու առաջադրվող խնդիրները»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների
ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ԱրմՌոբոտիքս» ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն
տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մրցույթի գլխավոր գործընկերն է
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերը՝ Վորլդ Վիժն Հայաստանը:
Նշենք,
որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար
օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և
տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ
տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս
ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ
ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ
բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր
զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն
իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական
պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ)
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր
ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100
միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր
ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ
մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի
բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: