Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը դիտարկում է որպես մեծ քաղաքականություն վերադարձի հայտ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Ըստ որում, պատգամավորը նշել է, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահը ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՀՅԴ կուսակցություններից որոք քաղաքական գործիչների աջակցությունն է ապահովել իր համար:
Շահգելդյանը նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահի մատնանշած խնդիրները եղել են նաև նրա օրոք, դրանք կան այսօր էլ, բայց ջանադիր աշխատանքի դեպքում հնարավոր կլինի դրանք վերացնել:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա տեսնում Հայաստանի ամենագլխավոր խնդրի`արտագաղթի լուծումը, ՕԵԿ ներկայացուցիչը նշել է, որ արտագաղթի կրճատման ամենակարևոր մեխանիզմն աշխատատեղերի ստեղծումն է, և այդ ուղղությամբ արդեն տեղաշարժեր են զգացվում: Նրա համոզմամբ, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ևս կնպաստի դրան, քանի որ լրացուցիչ ներդրումներ կներգրավի և միաժամանակ թույլ կտա ավելացնել աշխատատեղերը: