ՙԵս դեմ եմ հայերին ոչնչացնելու կոչերին՚, - հայտարարում է ադրբեջանական ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովը: Դրա հետ մեկտեղ, վրացական Georgian Times պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղում վերջին քսան տարում տեղի ունեցած իրադարձությունները Իբրահիմբեկովը որակում է որպես Ադրբեջանի դեմ հայկական իշխանությունների կողմից իրականացված ագրեսիա, հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը:
ՙԵս կտրականապես դեմ եմ ադրբեջանցիներին հայերի, իսկ հայերին` ադրբեջանցիների դեմ տրամադրելուն: Վաղ թե ուշ միջպետական այս հակամարտությունը կհանգուցալուծվի, իսկ ժողովուրդների մեջ թշնամանքը կարող է մնալ: Այդ իսկ պատճառով ես դեմ եմ հայերի կամ ադրբեջանցիների ոչնչացման մասին հայտարարություններին:
Սա է պատճառը, որ պարբերաբար հայտարարում են, թե ես հայրենասեր չեմ., - նշում է Իբրահիմբեկովը:
Ադրբեջանցի գործչի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծեն ոչ թե պետությունների հատուկենտ ղեկավարները, այլ՝ ժողովուրդները: ՙԵս միանշանակորեն համոզված եմ, որ Ադրբեջանի, ըստ ամենայնի՝ նաև Հայաստանի իշխանությունների համար ստեղծված իրավիճակը շատ ձեռնտու է: Նրանք խնդրի լուծման փորձերի իմիտացիա են ստեղծում, իսկ իրականում այս հակամարտությունը երկու կողմից էլ չվերահսկվող եկամուտների և իշխանության աղբյուր է հանդիսանում: Սա գործիք է, որ հնարավորություն է տալիս երկրում ցանկացած պահի ռազմական դրություն հայտարարել: Իշխանություններին այդ ամենը ձեռնտու է: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները պետք է մարդկանց նեղ շրջանակի բարձունքից իջեցնել ժողովրդի մակարդակին՚, - նշում է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն: Նրա խոսքով, եթե Ադրբեջանում լինի իրական ժողովրդավարական իրադրություն, չլինի կոռուպցիա, և եթե Ղարաբաղի տարածքում բնակվող հայերի և ադրբեջանցիների համար միանման իրավունքներ երաշխավորվեն, դա շատ կհեշտացնի հակամարտության կարգավորումը: ՙԱյս հանգամանքներում հայերը, լինելով խելացի և պրագմատիկ ժողովուրդ, եթե տեսնեն, որ Ադրբեջանին պատկանող Ղարաբաղում շատ ավելի լավ է ապրել, քան Հայաստանին պատկանող Ղարաբաղում, ինչպես ապրել են հարյուրամյակներ, այդպես էլ կապրեն՚,- ասել է Իբրահիմբեկովը: