ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառել հնարավորությունը, որ հենց ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներն են առևանգել մի քանի օր առաջ անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանին:
ՙՏարվում է հետաքննություն, ճշտվում են դիվերսիայի մանրամասները, և բացառված չէ, որ հենց ձերբակալված անձինք են առևանգել պատանուն՚,- նշել է Օհանյանը: Ըստ որում, նա չի ցանկացել մեկնաբանել տեղեկատվությունը, որ դիվերսանտները սպանել է Ցականյանին: ՙՄենք նման տեղեկատվության չենք տիրապետում, քննությունը կպարզի բոլոր մանրամասները՚,- ասել է նախարարը:
Նշենք, որ 17-ամյա Սմբատ Ցականյանի որոնումները Քարավաճառում շարունակվում են հուլիսի 7-ից: Կորած պատանու հոր`Մեխակ Ցականյանի խոսքով, այդ օրը նրա որդին տանը եղել է միայնակ: Հայրը պնդում է, որ իր որդուն առևանգել են ադրբեջանական դիվերսանտները, դա է վկայում այն հանգամանքը, որ տանից կորել են նաև որոշ իրեր:
Նշենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: Կորուստներ է կրել նաև հայկական կողմը: Հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: