Վարչապետ Հովիկ
Աբրահամյանը կոչ է արել ճիշտ ընկալել իր այն հայտարարությունները, թե ինքը
կախարդական փայտկի չունի, որի օգնությամբ կարող է անմիջապես ստվերից հանել ողջ
բիզնեսը, և այդ պատճառով իրեն ժամանակ է պետք, հաղորդում է «Ազատություն»
ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ պաշտոնն ստանձնելուց հետո Աբրահամյանը գործաարներին մինչև հուլիսի 1-ը ստվերից դուրս գալու ժամանակ էր
տվել, խոստանալով, որ հակառակ դեպքում նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները: Մինչդեռ իր վերջին հայտարարությունում վարչապետն ասաց, որ այդ գործընթացը կամաց-կամաց է հաջողության հասնելու: Ադս հայտարարությունն ընդդիմադիրները նոր կառավարության ձախողման մասին խոստովանություն էին որակել:
Մինչդեռ երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը բացատրել է, որ հուլիսի 1-ը դա այն ժամկետն էր, որից հետո իրենք գործարարների հետ միասին պետք է աշխատեին:
«Ես ի՞նչ եմ ասել` ասել եմ, որ մենք հուլիսի 1-ից բոլորս պիտի աշխատենք միասին և հոկտեմբերի 1-ից մեր շրջանառության հարկը` 3.5 տոկոսը, դառնում է 1 տոկոս և փաստաթղթավորումը պարտադիր է լինում բոլորի համար: Հիմա, մենք այդ ժամանակահատվածում աշխատում ենք, և Ֆինանսների նախարարությունը, ինչպես որ մենք պայմանավորվել ենք, պարբերաբար տալիս է հաշվետվություն հանրությանը, և վերջերս Կառավարության նիստում տվեց հաշվետվություն` ինչ ենք արել մեկ ամսվա ընթացքում», - նշել է վարչապետը:
Անդրադառնալով իր վերջին հայտարարությանը` վարչապետը խնդրել է ճիշտ ընկալել: «Խոսակցությունը վերաբերում է նրան, որ մեկ անգամից մենք ամբողջ ստվերը չենք կարողանա վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում նվազեցնելու ենք, դարձնելու ենք ամենամինիմում շեմը` դա փաստ է», - ասել է Հովիկ Աբրահամյանը: