ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության երիտասարդ ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ`պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում փոքրիկ ընդհարում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև, ովքեր փորձել են թույլ չտալ վերջիններիս մոտենալ շենքին:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հայտարարել է, որ ակցիայի նպատակն է`պարզել, թե որտեղից Տարոն Մարգարյանին եկամուտների հայտարարագրում նշված 6 մլն դրամը, ինչպես նաև առանձնատները և բազմաթիվ հողամասերը: Կարապետյանի հավաստմամբ, գործող քաղաքապետ և Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուի ունեցվածքն համընդհանուր կոռուպցիայի և ատկատների համակարգի վառ օրինակ է, ինչի դեմ իբր պայքարում են իշխանությունները: Ընդդիմադիր գործիչը նաև հավելել է, որ մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, կանաչ տարածքների ոչնչացումը, դրանց օգտագործումը խոշոը բիզնեսի շահերի համար արվում է Տարոն Մարգարյանի հավանությամբ, ով հանցավոր գործարք է կնքել օլիգարխների հետ: ՙԻրավապահ մարմինները կարող են և պետք է իմ հայտարարությունը որպես հանցագործության մասին իրազեկում ընդունեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն, բայց նրանք էլ իրենց լռությամբ, անգործությամբ թաքցնում են հանցագործներին՚,- ասել է Կարապետյանը: