ՙՄենք հույս ունենք, որ Երևանի ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից՚, - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 168.am-ի հետ զրույցում:
ԱՄՆ դիվանագետի համոզմամբ, ամենակարևորն ազատ և արդար մրցակցության ապահովումն է: ՙՑանկացած ընտրություններում և հասուն ժողովրդավարության մեջ ամենակարևորն իրական մրցակցություն ունենալն է, որպեսզի ունենաս ակտիվ և հավատարիմ ընդդիմություն, որը պայքարում է քվեների և աջակցության համար, և իշխող կուսակցությունը, որը անջատ է ադմինիստրացիայից: Դուք գիտեք, որ իշխանությունը և կառավարությունը նույնական չեն, դրանք տարբեր բաներ են, նրանք միասին չպիտի լինեն, նրանք անջատ են, և կարևոր է, որ ազատ և արդար ընտրություն լինի՝ ընդդիմության և իշխող կուսակցության միջև ուժեղ պայքարով՚, - ընդգծել է դեսպանը:
Նա նաև նշել է, թե ՙՐաֆֆին շատ ավելի լավ իրեն դրսևորեց նախագահական ընտրություններին, քան մարդիկ սպասում էին՚: Դիվանագետն ակնկալում է, որ առաջիկա ընտրություններում կծավալվի խաղաղ պայքար:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ իրենց համամասնական ցուցակներն են ներկայացրել վեց կուսակցություններ և մեկ դաշինք` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՙԱռաքելությունը՚, ՀՅԴ և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ՙԲարև, Երևան՚ դաշինքը: Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Ավագանու խորհրդի 65 տեղերի համար: