Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների դիրքորոշմանը: Հունիսի 24-այդ մասին հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ Երևանն ամբողջությամբ պաշտպանել է նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների նախկին հայտարարությունները, ի տարբերություն Ադրբեջանի, որը պաշտպանում է միայն մեկ սկզբունք: ՙՀայաստանը մշտապես հայտարարել է երեք սկզբունքների պաշպանության մասին՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշում եւ պետությունների տարածքային ամբողջականություն: Չնայած սադրիչ հայտարարություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ մշտապես հնչող կոչերին` Բաքուն շարունակում է ռազմատենչ հռետորությունը եւ այլատյացության քարոզչությունը՚, - ասել է նախարարը:
Նալբանդյանը նաեւ նշել է, որ ԵԽ-ն կարող է մեծ ներդրում ունենալ երկխոսության և վստահության ամրապնդման միջոցների ապահովման հարցում: Բացի այդ, սառեցված հակամարտությունների հարցը Գերագույն քարտուղարը ներառել է Նախարարների կոմիտեի առաջնային խնդիրների ցանկում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն օգտագործելու է Նախարարների կոմիտեում իր նախագահությունը` որպես հակամարտությունը լուծելու լավ հնարավորություն, Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը խնդիր չունի բանակցություններ վարելու եւ երկխոսություն հաստատելու հարցում: Նա հիշեցրել է, որ տասնյակ հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, ինչպես նաեւ մի քանի հանդիպումներ ավելի բարձր մակարդակով:
Նրա ասելով, խնդիրն այն է, որ կողմերից մեկը մերժում է բոլոր սկզբունքները, որոնք առաջարկվում են համանախագահների կողմից, անգամ՝ ուղղված վստահության միջոցների ամրապնդմանը: Նա նաև հաղորդել է, որ առաջիկա օրերին պատրաստվում է հանդիպել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ: