Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի, հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը` պատասխանելով այդ երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: ՌԵՈՒ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդ նախագիծը հեռանկար չունի` «ինչպես պատի վրա բացել ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան»:
Նշենք, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ նախկին ԽՍՀՄ երկրների լրագրողների հանդիպում էր կազմակերպվել նախորդ շաբաթ Սոչիում կայացած «Ռազմավարական գործընկերություն 1520» 10-րդ միջազգային երկաթուղային գործարար համաժողովի շրջանակում, որի ընթացքում, ի թիվս բազմաթիվ թեմաների, քննարկվել են Ռուսաստանի տրանսպորտային ներուժի ընդլայնման հեռանկարային, երկարաժամկետ նախագծեր, ինչպիսիք են ԲԱՄ-ի և Տրանսսիբի արդիականցումը, Մոսկվա-Կազան արագընթաց մայրուղու կառուցումը, որը երկարաժամկետ առումով կարող է դառնալ Մոսկվա-Պեկին միջանցքի մի մասը, և Հյուսիս-Հարավ մայրուղին, որն անցնում է Կասպից ծովի ձախ ափով` դեպի Իրան:
Վ.Յակունինը, միևնույն ժամանակ նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ՌԵՈՒ 100%-անոց դուստր ընկերությունը` Հարավակովկասյան երկաթուղին, աշխատելով հատուկ պայմաններում` դրա երկաթուղային ծածկույթի ոչ շարունակական լինելու առնչությամբ, գործում է անվնաս և արդյունավետ: «Սակայն ըստ կոնցեսիոն պայմանագրի մենք դրա զարգացման գործում պետք է ներդնենք շուրջ 200 մլն դոլար և մենք կատարում ենք մեր պարտավորությունները: Արդեն վերականգնել ենք երեք կամուրջ, վերականգնել ենք, գործնականում, երկաթուղային տրանսպորտի բոլոր ձեռնարկությունները, ինչպես նաև` շուրջ 340 կմ երկաթգիծ: Իմ խնդիրը, որպես տնտեսական սուբյեկտի ղեկավար, այն է, որպեսզի դրա գործունեությունը սկսի վերադարձնել փողերը, որոնք մենք ներդրել ենք Ռուսաստանի կառավարության ցուցումով: Բնական է, որ դա դյուրին գործ չի լինի, և հենց այդ պատճառով մենք կզվել ենք և փորձում ենք լուծել Թուրքիայի հետ տրանսպորտային փոխհարաբերությունների խնդիրները: Երբ մեզ լսում էին, մենք փորձում էինք հուշել տարբերակներ, թե ինչպես կարելի է տրանսպորտի գծով հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ, քանի որ երկու ծայրում էլ ռուսնրեն են կանգնած», - ասել է ՌԵՈՒ նախագահը: Նրա ասելով, դա առայժմ չի հաջողվել: Վ.Յակունինը, միևնույն ժամանակ, նշել է, որ շարունակվում է աշխատանքը նաև Աբխազիայով ուղիղ երկաթուղային հաղորդակցության հեռանկարների շուրջ: «Դրանով իսկ` մեր նպատակն է, որ դա լինի ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նախագիծ», - ընդգծել է նա: