Սույն թվականի հունիսի 24-ին Երևան քաղաքում կայացավ «Զանգեզուրի
պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում
քննարկվեցին 2013 թվականի գործունեության արդյունքներն ու արտադրության զարգացման
հեռանկարները: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի
ներկայացուցչությունից, ԶՊՄԿ-ի բաժնետերերն են «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ն` 60% բաժնեմասով,
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում
փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5%
բաժնեմասով:
Ժողովին մասնակցում էին
ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ
երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, գործադիր տնօրեն Թոմաս
Հայլը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մակսիմ
Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
Աղբյուրի
համաձայն,«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերի ժողովի
օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին 2013 թվականի
գործունեության արդյունքների ներկայացմանն ու արտադրության հետագա աճի և
ընդլայնման հեռանկարներին: Դրական և արդյունավետ գնահատվեց ընկերության նախորդ
տարիներին կատարած գործունեությունը, իրականացված աշխատանքի համար գովեստի
արժանացավ ԶՊՄԿ աշխատակազմը, վերահաստատվեցին ընկերության տեխնիկական ընդլայնման,
նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հետագա գործունեությանն առնչվող այլ առանցքային
նախագծեր:
Ընկերության ապագա
գործունեության համար նշանակալի դրական փոփոխություններ կատարվեցին վերջինիս
կառավարման կառուցվածքում: Մասնավորապես ստեղծվեց ընկերության կառավարման նոր
մարմին՝ տնօրենների խորհուրդ: Նորաստեղծ մարմնի գործունեության արդյունավետության
ապահովման և ընկերության ռազմավարական հետագա զարգացման հստակ սահմանման նպատակով
այդ պաշտոնին նշանակվեց ԶՊՄԿ բազմամյա գլխավոր տնօրեն Մակսիմ Հակոբյանը:
Միաժամանակ ԶՊՄԿ նոր գլխավոր տնօրեն նշանակվեց պարոն Նիլ Ստիվենսոնը, որը մեծ փորձ
ունի հանքաարդյունաբերության ոլորտում և ներկայումս ներգրավված է ՔՐՈՆԻՄԵՏ-ի այլ
հանքաարդյունաբերական ծրագրերում:
Բաժնետերերի
հանդիպման ավարտին արձանագրվեցին ընկերության զարգացման և հետագա ընդլայնման
հիմնական ուղղությունները: Դրանք են՝ բիզնեսի տնտեսապես կայուն զարգացման
ապահովումը, բոլոր շահագրգիռ կողմերի՝ բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության
գործունեությանն աջակցող համայնքների համար երկարաժամկետ նպաստավոր պայմանների
ապահովումը, շարունակական զարգացման հիմքերի ամրապնդումը: