Հայաստանի հարավում կգործի նոր ՙՏաթև՚ ազգային պարկը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, նոր ազգային պարկը կընդգրկի 15-16 հազար հա տարածք: Դա Որոտանի կիրճն է և մերձակա լանջերը: Ազգային պարկը գործելու է 11 համայնքների սահմաններում, որոնց թվում են`Տաթևը, Սվարանցը և Տանձատափը:
Տարածքում, որը, ինչպես ենթադրվում է, մտնելու է Ազգային պարկի մեջ, հանդիպում են կենդանիների և թռչունների այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպես`մուֆլոնը, բեզոարյան այծը, ընձառյուծը, ուլարը:
Ազգային պարկի ապագա սահմանները ճշտելու նպատակով ծրագրի առաջին փուլում, մասնավորապես, հետազոտություններ են կատարվելու ավելի քան 25 հազար հա տարածքում: ՙԸնթանում են կենսաբազմազանության, սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման և այլ աշխատանքներ: Ազգային պարկի սահմանները կհամաձայնեցվեն համայնքների և շահագրգիռ այլ կողմերի հետ՚,- հայտնել է Մանվելյանը:
Հետազոտությունների արդյունքները ՀՀ Բնապահպանության նախարարությանը կներկայացվեն արդեն հաջորդ տարվա ամռանը`կառավարական մակարդակով ՙՏաթևի՚ ստեղծման նախագծի հետագա հաստատման նպատակով:
Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակով IdeA հիմնադրամի կողմից 162 հազար եվրո է հատկացվել: WWF-ն իր հերթին 48 հազար եվրո կհատկացնի, ըստ որում`հիշյալ գումարը կուղղվի Ազգային պարկի հարակից համայնքներին սոցիալական աջակցությանը:
Այսպես`Տաթև գյուղում նախատեսվում է ստեղծել մթերքի հավաքագրման և փաթեթավորման կետ: Բացի այդ, Սվարաց գյուղում կվերականգնվի ջրամատակարարումը, իսկ Տանձատափում փողոցային լապտերներ կտեղադրվեն:
Մանվելյանի խոսքով, ՙՏաթև՚ ազգային պարկի ստեղծման աշխատանքներն ընդհանուր առմամբ կարող են 3-5 տարի տևել: Ծրագրի երկրորդ փուլը կներառի ազգային պարկի ենթակառուցվածքների ստեղծում: