ՙՀայրիկյանի գործով՚ պետական մեղադրող Արամ Ամիրզադյանն այսօրվա դատական նիստում պահանջել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, ով մեղադրվում է ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ ՙպատվիրելու՚ մեջ: Մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանի համար դատախազը պահանջեց 13 տարվա ազատազրկում, իսկ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանի համար` 14 տարվա ազատազրկում:
Իր հերթին, Պարույր Հայրիկյանի շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանը պահանջել է, որպեսզի ամբաստանյալներն իր պաշտպանյալին վճարեն 43 միլիոն 424 հազար դրամ (մոտ 106 հազար դոլար) փոխհատուցում, առողջությանը վնաս պատճառելու համար:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել էր 2013 թվականի հունվարի 31-ի ուշ երեկոյան: Կրակողը վիրավորել էր Հայրիկյանի աջ ուսը: Մահափորձի փաստով հարուցվեց քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-305 հոդվածների հատկանիշներով: Փոտրվարի 8-ին ԱԱԾ աշխատակիցները կալանավորեցին մահափորձի իրականացման մեջ կասկածվողներին` 1966 թ.ծնվ. Խաչատուր Պողոսյանին և 1972 թ.ծնվ. Սամվել Հարությունյանին, որոնք արդեն ճանաչեցին իրենց մեղքը: Իսկ ավելի ուշ կալանավորվեց նաև Վարդան Սեդրակյանը: