Վերջին ժամանակներս Թբիլիսիում անցկացվող ազգայնական բողոքի ակցիաների մասնակիցները խտրականությանը պատասխանում են խտրականությամբ, հայտարարել է ՙԲազմազգ Վրաստան՚ հասարակական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Ըստ ՙԲլաք Սի Պրեսի՚, նոյեմբերի 11-ին Թբիլիսիի կենտրոնում մոտ 50 մարդ բողոքի ակցիա էր անցկակցրել` պահանջելով փակել իրանական և թուրքական բարերն ու ռեստորանները: Նոյեմբերի 16-ի երեկոյան Վարդերի հեղափոխության հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պաշտպանել վրացիների և վրացերեն լեզվի իրավունքները: ՙԵս կարծում եմ, որ նրանք ցանկանում են խտրականությանը պատասխանել խտրականությամբ՚, - հայտարարել է Ստեփանյանը նոյեմբերի 19-ին: Նա ընդսմին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, ինչի առնչությամբ սկսվել է բողոքի շարժումը: Բողոքավորներն իրանական և թուրքական ռեստորանները փակելու պահանջը բացատրել են այն հանգամանքով, որ այնտեղ թուլ չեն տալիս մտնել Վրաստանի քաղաքացիներին` ոտնահարելով նրանց իրավուքներն ըստ էթնիկ հատկանիշի:
ՙԵթե լուրջ խոսենք, ապա խնդիր իրոք կա: Մեր քաղաքացիներին, հիմնականում, թույլ չեն տալիս մտնել նշված բարերը: Ես համոզված եմ, որ դա խտրականություն է՚, - նշել է Ստեփանյանը:
Բացի Թբիլիսիում իրանական և թուրքական հաստատությունները փակելու պահանջից` բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են նաև Վրաստանի քաղաքացիություն տրամադրել միայն այն անձանց, ովքեր ծնվել են Վրաստանում:
Բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվում են սոցիալական ցանցերի միջոցով: Դրանց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ՙԱզգային ճակատ՚ և ՙՎրացական ազգայնական շարժում՚ կազմակերպությունների ակտիվիստները: Հաջորդ բողոքի ակցիան նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 1-ին կամ 10-ին Թբիլիսիի կենտրոնում: