Euromoney 2014 Գերազանցության Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին`
որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում:
Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է երրորդ անգամ: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից,
Աղբյուրի համաձայն, արդեն
23-րդ տարին անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է
համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության
արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով
բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային
համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 20 մրցանակ: Մրցույթին
մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային
ընկերություններ:
Ամերիաբանկին հաղթող
ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք
կարևոր չափանիշներ` ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկի առաջատար դիրքերի
ամրապնդումը, Բանկի արդյունավետ կառավարման համակարգը, նորարարական
նախագծերով հանդես գալը, միջազգային
լավագույն փորձի և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մշտապես տարվող
աշխատանքները, փոքր և միջին բիզնեսին, վերականգնվող էներգետիկայի ոլորտին
աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրերի իրականացումը` միջազգային
խոշոր կառույցների (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (EBRD), Ավստրիական
Զարգացման Բանկ (OeEB), Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման ֆինանսական
գործակալություն, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն,
երկրի միջազգային զարգացման բանկ (FMO) և
KfW Bankengruppe-ի անդամ (DEG), Եվրասիական Զարգացման բանկ (EDB), Ասիական
Զարգացման բանկ (ADB)) և հեղինակավոր բանկերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:
Միաժամանակ հաշվի են
առնվել Բանկի կողմից ներդրված նորարարական լուծումներով ծառայությունները,
մասնավորապես. Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCIl) միջազգային խոշոր ֆակտորինգային
միությանն անդամակցելու միջոցով հաճախորդների համար միջազգային ֆակտորինգային
ծառայությունների շրջանակի ընդլայնումը` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր
գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով, «Ամերիա»
ավանդը, որն իր հնարավորություններով բոլորովին նոր մոտեցում է ՀՀ բանկային
համակարգում և հաճախորդին տալիս է ավանդն ինքնուրույն ձևավորելու ազատություն,
ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առավելություններով «Պարզ և արագ» փաթեթը, ֆիզիկական
անձանց նոր ու ճկուն պայմաններով սպառողական վարկերի առաջարկը, ինտերնետում
քարտերի սպասարկումն ապահովելու համար Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի
արտոնագրի ստացումը և Բանկի կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի
(vPOS/virtual POS) միջոցով VISA, MasterCard և ArCa քարտերով էլեկտրոնային առևտրի
կայքերում վճարումների ընդունումը, «Ameria Partner» փաթեթը, որը տալիս է
բարձրակարգ սպասարկման մի շարք հնարավորություններ, ներառյալ Visa Infinite
վճարային քարտը` իր եզակի առավելություններով, Ucom-ի հետ համատեղ քարտի մշակումը,
որն ապահովում է աննախադեպ տոկոսադրույքով վարկավորում` ժամանակակից տեխնիկա ձեռք
բերելու համար և մի շարք այլ ծառայություններ:
Աղբյուրը նշում է, որ
Ամերիաբանկը հետայսու ևս շարունակելու է ծավալել ակտիվ գործունություն իր
ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ` ամրապնդելով առաջատար
դիրքերը տարածաշրջանում և հանդես գալով ֆինանսական ոլորտում առաջադիմական և
նորարարական լուծումներով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր
ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն
է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և
մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական
փաթեթ:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Ամերիաբանկի ակտիվները
2014 թվականի հունվարի 1-ին կազմել են 315 մլրդ դրամ, տարեկան աճը` 28.6%,
բացարձակ արտահայտության զբաղեցնելով առաջին տեղը բանկային համակարգում: Բանկի
ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են մոտ 55.1% կամ 173.6
մլրդ դրամ (4-րդ տեղ), տարեկան կտրվածքով աճելով 13.5%: Բանկի վարկային պորտֆելու
կորպորատիվ բաղադրիչը կազմել է 139.8 մլրդ.դրամ (առաջին տեղ), տարեկան աճը`19,5%:
2013 թվականի արդյունքներով Ամերիաբանկի զուտ շահույթը կազմել է 6.2 մլրդ դրամ
(երրորդ տեղ), տարեկան աճը`24,4%: