Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռները տեղին չեն
և արհեստական են: Ինչպես հաղորդոմ են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ANS
հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր
Դորոխինը:
Նրա խոսքով, Ղրիմում տեղի ունեցածը բոլորովին
յուրահատուկ դեպք է, որը կապված է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի հետ: Ղրիմը
Կիևում տեղի ունեցող իրադարձույթունները համարեց պետական հեղաշրջում և չճանաչեց
այդ իշխանության լեգիտիմությունը: «Ղրիմի խորհրդարանն ընդունեց անկախության մասին
որոշում: Անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը քվեարկեց
ՌԴ հետ միանալու օգտին: Հետևեց արձագանք, բայց դրանով ուղղվեց այն մեծ սխալը, որը
տեղի էր ունեցել 1954 թվականին, երբ Ռուսաստանի պատմական տարածքը հանձնվել էր մեկ
այլ պետության»,-ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, Ռուսաստանը ճանաչում է «Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը միջազգային փաստաթղթերի շրջանակներում», «Լեռնային
Ղարաբաղը դա առանձին պրոբլեմ է, որն իր լուծումն է պահանջում, և մենք մասնակցում
ենք այդ գործընթացին»,-նշել է Դորոխինը:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին, դեսպանը
նշել է, որ այդ կազմակերպությունում առկա լարվածության հետ կապված բոլոր
առաջարկները, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության համատեքստում, առայժմ
իրենց չեն արդարացնում:
«Հնարավոր
է, որ դիվանագետների համար ավելի հարմար կլիներ աշխատել ավելի կայուն իրավիճակում,
բայց մեր խումբը նախկին ռեժիմով էլ է կատարում իր առաքելությունը: Առայժմ այդ
կազմակերպության փլուզման սպառնալիքը չկա, գործունեության տարբեր գնահատականներ,
ընդ որում, ոմանք խմբի գործունեությունը համարում են արդյունավետ, իսկ ոմանք` ոչ,
բայց ներկայումս դա է պրոբլեմի կարգավորման միակ ձևաչափը: Մենք բազմաթիվ անգամներ
հայտարարել ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին և ամեն ինչ կանենք, որպեսզի խմբի
գործունեությունը լինի արդյունավետ և կողմերին օգնի լուծումների հարցում»,-հայտարարել
է դիվանագետը: