Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, որն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի առաջնորդարանն է հանդիսանում:
Եկեղեցին ներկայումս շրջապատված է ոստիկաներով, հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը: Բանն այն է, որ 12:00-ին եկեղեցու դիմաց պետք է տեղի ունենար ՀԱԵ Արարատ միության անդամների բողոքի ակցիան`ի պաշտպանություն Միության նախկին ղեկավար Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ով վերջերս էր ազատվել այդ պաշտոնից Նավասարդ Կճոյանի որոշմամբ:
Արարատ միության անդամները, վաղ առավոտից պատրաստվելով ակցիային, փորձել են բարձրախոսներ տեղեդրել եղեկեցու մոտ, սակայն Կճոյանի աշխատակազմի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են խոչընդոտել դրան: Արդյունքում միջադեպ է տեղի ունեցել Կճոյանի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանի և Արարատ միության ներկայացուցիչ, սարկավագ Վահրամի միջև: Թադևոսյանը հարձակվել է սարկավագ Վահրամի վրա, և ծեծկռտուքի հետևանքով պատռել նրա հագուստը:
Նշենք, որ ԶԼՄ-ների հաղորդմամբ, Կճոյանը Տեր Հակոբին ազատել է այն բանի համար, որ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը հայտարարել է. ՙՏեր Հակոբը 1000 անգամ ավելի լավ է Կճոյանից՚: ԶԼՄ-ների վարկածի համաձայն, այս փաստը հարուցել է Կճոյանի դժգոհությունը, ով էլ ազատել է Տեր Հակոբին: Սակայն, ՀԱԵ Արարատյան թեմի մամլո ծառայությունը հերքում է այդ վարկածը:
Նշենք, որ Նավասարդ Կճոյանի անունը հաճախ է շրջանառվում տարբեր կասկածելի պատմություններում, մասնավորապես, օֆշորային սկանդալում`վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին: Հասարակության դժգոհությունն է հարուցում նաև Կճոյանի`հոգևորականին ոչ վայել կենսակերպը, ով երթևեկում է ՙԲենթլիով՚: