2014 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման
տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ
տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%:
Նշվում է, որ արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում
արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձևավորվել են
ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ
հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական
զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը և արժույթների արժեզրկմանը:
Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երևույթին արձագանքեցին տոկոսադրույքների
որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց
հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը և աշխարհաքաղաքական
հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների
ձևավորմանը և ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:
Համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների
ազդեցությունն արտացոլվել է նաև ՀՀ տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից
ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային
շուկայում: Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման
արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց
ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ
գնաճային ճնշումների: Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս
կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները
մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու
նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման
տոկոսադրույքը:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն
կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում
ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Նշենք, որ լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները
սահմանվել են համապատասխանաբար 20% և 7%:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերից մինչև օրս
վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանում էր 6.75 մակարդակում, այդ մակարդակ
իջեցնելով օգոստոսի 12-ին (7%-ից): 2014 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքը
փոփոխվել է 5 անգամ: Ընդ որում, լոմբարդային ռեպոների տոկոսադրույքներն աճել են 2
անգամ: Մասնավորապես, սույն թվականի դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպոների
տոկոսադրույքերը 10.25%-ից բարձրացրեց մինչև 21%, իսկ մինչ այդ, նոյեմբերի 24-ին
բարձրացրել էր 8.25%-ից:
Նշենք նաև, որ Հայաստանի
արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև
դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ին
արժեվորվել 25%, բայց դրամից հետո, դեկտեմբերի 23-ին դրամի փոխարժեքը հասավ 465
դրամ/դոլարին: Մինչդեռ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից ամենօրյա
միջամտություններ էր իրականացնում արտարժույթի միջբանկային շուկայում, իսկ
դեկտեմբերի 17-ին խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր
պահուստավորման նորմատիվը` 12%-ից բարձրացնելով մինչև 24%: Նշված միջոցառումներին
այսօր ավելացավ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը: