Էկոլոգ Սիլվա Ադամյանը գտնում է, որ գենոմոդիֆիկացված օրգանիզմներ վաղուց արդեն ներմուծվում և աճեցվում են Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Ադամյանը պնդում է, որ արդեն մեկ տարի է, ինչ կառավարությունը հրաժարվում է քննարկել ՙԳՄՄ օգտագործման կենսաանվտանգության՚ մասին օրինագիծը, սակայն Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հայտնել է, որ օրինագիծը քննարկվել է: Ըստ որում, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աիդա Իսկոյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը, Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը և օրինագծի քննարկմանը մասնակցած այլ փորձագետներ մատնանշել են փաստաթղթի անճշտությունները: Փորձագետները գտնում են, որ հարկավոր է վերանայել կետը, ըստ որի`պետք է ստուգվեն միայն ոչ պատրաստի մթերքները, օրինակ`սերմերը: ՙԱնհրաժեշտ է ստուգել բոլոր սննդամթերքները՚,- հավաստում են նրանք:
Նրանք նշել են նաև այն փաստը, որ հողի վրա, որտեղ աճել է տրանսգենային օրգանիզմը, 7-10 տարվա ընթացքում այլևս ոչինչ չպետք է աճի, իսկ Հայաստանի նման սակավահող երկրի համար դա մեծ խնդիր է: ՙԱյնուամենայնիվ, տվյալ պահին օրինագիծը երկրորդ պլան է մղվել, և կառավարությունն զբաղված է ալյուրը երկաթով հարստացման խնդրի լուծմամբ՚,- ավելացրել է Հակոբյանը:
Ինչպես Հակոբյանը, այնպես էլ Ադամյանը հայտնել են, որ հիմնականում Հայաստան են ներմուծվում ԳՄՄ-ով հարուստ հետևյալ մթերքները`յոգուրտներ, պանրիկներ, տարբեր տնկիներ, խնձոր, տանձ, վարունգ, պղպեղ, սոյա: Էկոլոգի խոսքով, հավաստի աղբյուրները հայտնել են իրեն, որ լոլիկում կարիճի գեն կա:
ՀՀ ՙՊարենային անվտանգության մասին՚ օրենքի համաձայն, ԳՄՄ պարունակող մթերքները պետք է նշված լինեն, սակայն մեր երկրում պատրաստված կաթնամթերքը և մսամթերքը նշված չեն, հետևաբար`հույսը պետք է պատրաստողի ազնվության վրա դնենք՚,- ավելացրել է Մելիտա Հակոբյանը:
Փորձագետները դեռ սպասում են իրենց բողոքների առնչությամբ կառավարության արձագանքին և ակնկալում օրենքի շուտափույթ ընդունում: