Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված ՙՀայ ծրագրավորողներ՚ ստորագրությամբ նամակ, որում շարադրված էր խնդրանք` պարզաբանել, թե ինչու Google AdSense և Paypal համակարգերը Հայաստանի հետ չեն աշխատում: ԱրմԻնֆո գործակալությունը դիմել է ՀՀ ԿԲ` այդ առնչությամբ մեկնաբանություն տրամադրելու խնդրանքով:
ՀՀ ԿԲ հաղորդագրությունում ասվում է. ՀՀ Կենտրոնական բանկն, իր քաղաքականության համաձայն, չի արձագանքում անանուն նամակներին, սակայն կարևորելով հասարակության հետ թափանցիկ շփումը, նպատակահարմար է գտնում պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ:
Google AdSense համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: Google AdSense համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին EFT – Electronic Fund Transfer համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրոմիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները:
Ինչ վերաբերում է Paypal համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց Paypal հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ:
Ի լրումն, ԿԲ հարկ է համարել նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: ՙՄեր շփումները Paypal ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել՚, - իր հաղորդագրությունն ամփոփում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: