Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է կորցրած տարածքները Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է APA-ն, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե գլխավոր դատախազի կարևոր պաշտոնն զբաղցնող անձի հայտարարություններն արտահայտում են Հայաստանի կառավարող շրջանակների դիրքորոշումը Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նկատմամբ: ՙԱյդ դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ին անդամակցած պետության` միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորոթյուններին: Յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողային պահանջ ներկայացնել Թուրքիային՚, - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված իրավաբանների համաժողովում իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: