Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հայեցակարգային հարցերն արդեն համաձայնեցվել են, մնում է համաձայնեցնել միայն տեխնիկական պահերը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Նրա խոսքով, հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Հայաստանը մայիսի 29-ին չի ստորագրել փաստաթուղթը: ՙՎստահ եմ, որ մինչև նախագահ Սերժ Սարգսյանի նշած ժամկետը բոլոր հարցերը կլուծվեն՚,-ընդգծել է նա: Ըստ որում, փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելու հարցը հայեցակարգային է, հետևաբար`այն արդեն լուծված է:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրն ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներն, ի պատասխան, առաջարկել են այդ հարցը քննարկել ժամանկին` մինչև հուլիսի 1-ը, ընդգծելով, որ Հայաստանը պետք է կատարի միության մասնակիցների կողմից ներկայացվող բոլոր պահանջները: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կրկին հայտարարել է, որ պետք է հաշվի առնվի ղարաբաղյան հարցը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում անդամակցել է ԱՀԿ-ին: ՙՄենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար՚, - ասել է Ղազախստանի նախագահը: