Երևանի կենտրոնի կառուցապատումը կրկին ակտիվիստների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Հյուսիսային պողոտայի մոտ 2 բազմահարկ հյուրանոց կառուցելու ծրագրերով մտահոգված`ՙՓրկենք Երևանը՚ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման նախագծերի իրականացումը դադարեցնելու պահանջով:
Ինչպես ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում նշել է ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանը, Երևանի կենտրոնի կառուցապատման ակտիվ տեմպերը վտանգի տակ են դնում պատմության շատ հուշարձաններ: Այսպես, հայտնի ճարտարապետ Թամանյանի նախագծած շենքի հարևանությամբ`Պուշկինի-25 հասցեում, նախատեսվում է կառուցել բազմահարկ հյուրանոցներ, որոնք, ինչպես ընդգծվել է, չափազանց վիթխարի կառույցներ են այդքան նեղ փողոցների համար:
Սարգսյանը նշել է, որ նման նախագծերի իրականացման պատճառով Երևանը զրկվում է իր պատմական նկարագրից: Ստեղծված իրավիճակի հետ կապված`նախաձեռնությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ է արել աջակցել մայրաքաղաքը կառուցապատումից փրկելու իրենց ջանքերին:
Ավելի վաղ մի շարք նախաձեռնություններ իրենց մտոհոգությունն են հայտնել ԱՕԿՍ շենքի մոտ հյուրանոցային համալիր կառուցելու, ինչպես նաև Աֆրիկյանների տան տեղափոխման հեռանկարի առնչությամբ: Էկոլոգներն ուշադրությունը հրավիրել են այն բանի վրա, որ, համաձայն տիեզերիքից արված լուսանկարների, 20 տարվա ընթացքում, ակտիվ կառուցապատման պատճառով, Երևանը կորցրել է կանաչ տարածքների մինչև 70% -ը: