Մինչև 2014 թվականի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղը մտադիր է ՓՄՁ
վարկավորմանն ուղղել մոտ 600 մլն.դրամ, մասնաճյուղի վարկային պորտֆելը հասցնելով
1.270 մլրդ.դրամի: Որպես համեմատություն, Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մնացական
Դոխոյանը հիշեցրել է, որ 2013 թվականին մասնաճյուղի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում
էր 470 մլն դրամ: ՓՄ ձեռնարկությունները գտնվոմ են ոչ միայն Գյումրիի մասնաճյուղի,
այլ նաև Առէկսիմբանկի ուշադրության կենտրոնում, ընդհանրապես:
Նրա խոսքով, մինչև
տարեվերջ մասնաճյուղը մտադիր է քարտերի սպասարկման կետերը հասցնել 18-ի: Նա նշել
է, որ այսօրվա դրությամբ թողարկված քարտերի քանակը կազմում է 16 300, որից ակտիվ
քարտերը կազմում են մոտ 6 000: «Մասնաճյուղի համար դա շատ լավ ցուցանիշ է: Մնում է
ավելացնել, որ քաղաքում գործում է թվով 6 բանկոմատ` 120-140 մլն դրամ ամսեկան
շրջանառությամբ, և 14 POS-տերմինալ»,-ընդգծել է նա:
«Նոր մասնաշենք
տեղափոխվեցինք 2013 թվականին: Մինչ այդ գտնվում էինք հին, ոչ հարմարավետ մի
տարածքում, որը ոչ միայն չէր կարող ընդունել բոլոր այցելուներին, այլև չէր
համապատասխանում Բանկի բրենդին: Հիմա մենք ունենք լուսավոր ու մեծ շենք քաղաքի
կենտրոնում, որով մենք շատ հպարտանում ենք: Մոտակայքում են գտնվում քաղաքի
հիմնական վարչական շենքերը` քաղաքապետարանը, կադաստրը, ՔԿԱԳ գործակալությունը:
Արդյունքն ակնհայտ է. այսօրվա դրությամբ մենք ունենք ավելի քան 10 000 հաճախորդ,
որից ֆիզիկական անձ` 9685, իրավաբանական անձ` 118 և անհատ ձեռնարկատեր` 60:
Բազմաթիվ դժվարություններով ու բարձր մրցակցությամբ նման տարածաշրջանի համար դա
շատ լավ արդյունք է, սակայն ոչ վերջնական»,-նշել է Դոխոյանը:
Նա նաև նշել է, որ 2002
թվականին մասնաճյուղի բացումից ի վեր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական
զինվորական բազայի զինվորները դարձան մասնաճյուղի առաջնային հաճախորդները:
«2003թ-ից մենք սկսեցինք իրականացնել աշխատավարձային ծրագիր սպաների և
պայմանագրային զինվորականների համար: Հետագայում մատուցվող ծառայությունների ցանկն
ընդլայնվեց, և ասյօրվա դրությամբ Առէկսիմբանկն առաջարկում է բանկային պրոդուկտների
մեծ տեսականի, այն է` կոմունալ վճարումներ, միջազգային դրամական փոխանցումներ
ինչպես անձնագրային տվյալներով, այնպես էլ քարտից-քարտ, նաև տարբեր վարկային
պրոդուկտներ: Հարկ է նշել, որ Բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման
պայմանները` փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձևակերպման ու տրամադրման
գործընթացը: Այլ կերպ ասած` ռուսական զինվորականները Առէկսիմբանկը համարում են
«իրենցը»,-նշել է նա:
Մասնաճյուղի հաճախորդների
շարքում կան մի շարք պետական հաստատություններ, խոշոր շինարարական
ընկերություններ, փոքր ու միջին ձեռնարկություններ: Դրանցից թվով 34
ձեռնարկությունների հետ իրականացվում են աշխատավարձային ծրագրեր, օրինակ`
«Գազպրոմ-Արմենիա» Շիրակի մասնաճյուղը, «Հայջրմուղկոյուղի» «Շիրակ ջուր»
մասնաճյուղը, խոշոր շինկազմակերպություններ` «Ալկարե» և «Ռուսլան Համբարյան»,
«Մհեր Զարգարյան» տրիկոտաժի արտադրամաս: Ուսումնական հաստատություններից
կցանկանայի նշել Մ.Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտը, թիվ 7
հիմնական դպրոցը, ինչպես նաև Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական
քոլեջը, նշել է մասնաճյուղի տնօրենը:
Ինչպես հայտարարվել էր
ավելի վաղ, Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը մտադիր է մինչև տարեվերջ վարկային
պորտֆելը հասցնել 98 մլրդ դրամի: Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման
ծավալները հասցնել 80.5 մլրդ դրամի, իսկ ֆիզիկական անձանց ծավալները` 17.5 մլրդ
դրամի: 2014 թվականին Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը մտադիր է ՓՄՁ վարկային
պորտֆելը հասցնել մինչեւ 31 մլն. դոլարի, ինչը նախատեսված է ինչպես միջազգային
ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: 2013
թվականի արդյունքներով բանկի կողմից տրամադրված վարկային և այլ փոխառությունները
կազմել են մոտ 92 մլրդ:
Նշենք,
որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատերն է
ռուսաստանյան Գազպրոմբանկը: Բանկի կապիտալը կազմված է 316229 սովորական
բաժնետոմսերից, յուրաքանչյուրը` 52026 դրամ անվանական արժեքով: 2014 թվականի
ապրիլի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 16 մասնաճյուղ, որից 7-ը տեղակայված է
Երևանում: