Ապրիլի 19-ին Երևանում Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվեց 2013-2016 թվականների գործողությունների ծրագիր: Փաստաթղթի ներքո իրենց ստորագրությունները դրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնին:
Ինչպես հաղորդել է Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնին, ըստ փաստաթղթի, կողմերը միմյանց կաջակցեն մշակույթների շաբաթների, միջազգային փառատոնների, մրցույթների և ցուցահանդեսների կազմակերպմանը: Բացի այդ, մեծ ուշադրություն կդարձվի նաև կինոյի ոլորտին:
Ինչ վերաբերվում է թանգարանային և գրադարանային գործերին, ապա այստեղ նախատեսվում են մասնագետների, փորձագետների և ուսանողների այցելություններ, ինչպես նաև սեմինարների և կոնֆերանսների կազմակերպումներ: Աջակցություն կցուցաբերվի նաև Հայաստանի Ազգային գրադարանի և Իրանի Ազգային գրադարանի ու Արխիվի միջև համագործակցությանը:
Նշենք, որ ապրիլի 18-20-ը Հայաստանում է գտնվում իրանական պատվիրակությունը, Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնիի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ամենայն Հայող Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ տեղական ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: