Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Նշվում է, որ դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ ՙՀայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այդ դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ՚:
Գրասենյակը նշում է, որ սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը` ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում` գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր:
Հայտարարության մեջ ասված է, որ անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում հատուկ կարևոր դեր ունի յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե` հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի, սննդամթերքի վրա չկան մակնշումներ` դրա արտադրության կամ պիտանելիության ժամկետի, վայրի, ներմուծողի կամ արտադրողի մասին, փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են, առևտրի օբյեկտում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները վաճառվում են համատեղ՝ նույն բաժնում, առևտրի օբյեկտում առկա են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ:
ՙՆոր ստեղծված մեխանիզմի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում բացահայտվել է սննդի անվտանգության պահանջների խախտման ավելի քան 2000 դեպք: Նման դեպքերի բացահայտումը ամենևին չի նշանակում, որ վատթարացել է սննդի որակը, այլ միայն վկայում է այն մասին, որ բացահայտվում և կանխվում են մեր կյանքի ու առողջության համար ավելի մեծ թվով վտանգներ: Պետք է հետևողականորեն շարունակել սկսված դրական գործընթացը և նպաստել մեր շուկաներում անորակ և վնասակար սննդի իսպառ վերացմանը՚,-ասված է Պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ: