Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կարծիքով, վաղը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կարող է նվազել, սակայն Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպումից ավելին չի սպասում:
ՙԻնչ վերաբերում է ակնկալիքներին այս հանդիպումից՝ մենք շատ լավ հասկանում ենք՝ Ադրբեջանի այսպիսի դեստրուկտիվ, սադրիչ պահվածքի դեպքում սպասել առաջընթաց բանակցային գործընթացում անհնարին է՚, - ՙԱզատությանը՚ տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:
Նշենք, որ ներկայումս Սոչիում ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Մինչ այդ ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու հանդիպումների հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:
Այդ հարցը քննարկման թեմա կդառնա նաև վաղը կայանալիք Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում: