ՙՌոսնֆտ՚ ընկերությունը դեռևս Երևանի ՙՆաիրիտ՚ գործարանի առնչությամբ իր առաջարկները չի ներկայացրել ՀՀ կառավարությանը, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով, ռուսական ընկերությունն էկոլոգիական աուդիտ է անցկացրել ձեռնարկությունում, սակայն ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկության արդիականացման նախագծին ՙՌոսնեֆտի՚ մասնակցության հեռանկարների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՙՌոսնեֆտի՚ կողմից պատվիրված աուդիտն իրականացրել է բրիտանական Jacobs ընկերությունը: ԱրմԻնֆո-ի ունեցած տվյալներով, ՙՌոսնեֆտը՚ ցանկություն է հայտնել Հայաստանում կառուցել նոր կաուչուկի գործարան, այլ ոչ թե արդիականացնել գործող գործարանը և մարել վերջինիս պարտքերը: Դեկտեմբերի 25-ին ՙՌոսնեֆտ՚ նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ՙՌոսնեֆտ՚, ՙՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան՚ և ՙՌոսնեֆտ-Հայաստան՚ ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:
ՙՆաիրիտ՚ գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին ՙՄեժգոսբանկի՚ վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով: