Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակում փետրվարի 20-ին` ժամը 12.30-ին (երկար դասամիջոցի սկիզբ), ուսանողների և դասախոսական կազմի հետ բաց հանդիպում հրավիրելու ՙԴեմ եմ՚ քաղաքացիական նախաձեռնության անդամների ծրագրերը մտահոգել են Ռեկտորատին: Հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ռեկտորատը, Արհմիութենական կազմակերպության կոմիտեն և Ուսանողական խորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ ողջունում են ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որի իրականացումն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, և չի խաթարում որևէ հաստատության բնականոն աշխատանքային գործունեությունը: Միաժամանակ նախաձեռնությանը կոչ են անել հարգել պետական ինստիտուտները` սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը և տուրք չտալ առանձին անհատների վերլուծություններին:
Նշենք, որ դժգոհության առիթ է հանդիսանում ոչ միայն կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այլ նաև ստեղծված անհեթեթ իրավիճակը` ստեղծված հակառակ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշման: Որոշման համաձայն, Սահմանադրական դատարանը կասեցրել է ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի մի շարք դրույթների գործողությունը: Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվության միջոցներին՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:
Չնայած դրան` ՀՀ Ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որկուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: