«Վալեքս» ընկերությունների խումբը 320 մլն դոլար
է ներդրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետազոտման և մշակման գործում:
Այդ մասին օգոստոսի 6-ին լրագրողներին հաղորդել է «Վալեքս» ընկերությունների խմբի
փոխնախագահ Գագիկ Արզումանյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի Թեղուտ այցի
ընթացքում: Նրա ասելով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 350 մլն դոլար: Մնացած
միջոցները նախատեսվում է ներդնել մինչև տարեվերջ: Պղնձի և մոլիբդենի պաշարների
ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում` Քաջարանի
պղնձամոլիբդենայինից հետո, ասել է նա:
Ապրանքային արտադրության տարեկան ծավալը կարող է տատանվել 180-200 մլն
դոլարի սահմաններում` կախված մետաղների գներից, ասել է փոխնախագահը: Բյուջեի
հարկային մուտքերը կարող են կազմել տարեկան առնվազն 10 մլն դոլար, հավելել է
Արզումանյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա հավաստիացրել է,
որ ընկերությունը մտադիր է կիրառել հանքավայրի մշակման ամենառաջավոր տեխնոլոգիաներ և ըստ ամենայնի նվազեցնել
էկոլոգիական վնասը:
«Մենք ձգտում ենք ձեռնարկել միջոցներ, որպեսզի համալիրը
համապատասխանի ամենաառաջավոր միջազգային ստանդարտներին: Թեղուտի համալիրը զինված է
գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք
չեն կիրառվում Հայաստանի լեռնաքանքային արտադրություններից ոչ մեկում», -
ասել է Արզումանյանը:
Նա հավելել է, որ 2008-2009 թթ. հանքավայրի շուրջ
անտառահատմանը զուգընթաց տարվում են ծառատունկի ակտիվ աշխատանքներ: Լոռու մարզում
արդե տնկվել է ավելի քան 300 հա ծառ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեղուտի հանքավայրի
շահագործումը հատուկ այդ նպատակով ստեղծված «Թեղուտ» ՓԲԸ կողմից նախատեսվում է
ձեռնամուխ լինել մինչև 2014 թվականի վերջը: Առաջին 14 տարում կարտադրվի տարեկան
միջին հաշվով շուրջ 63 տոննա պղնձի խտանյութ` մինչև 32 տոկոս պղնձի
պարունակությամբ, և շուրջ 960 տոննա պղնձի խտանյութ` մինչև 50 տոկոս մոլիբդենի
պարունակությամբ:
«Թեղուտ»
ՓԲԸ հիմնադրվել է 2006 թվականի մայիսի
22-ին Vallex խմբի կողմից: ՓԲԸ բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան
«Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը
պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն
է: 1991 թվականին Թեղուտում հաստատված պաշարները կազմել են 450 մլն տոննա
հանքաքար, այդ թվում 1,6 մլն տոննա պղինձ` 0,355% պարունակությամբ, և 99 հազար
տոննա մոլիբդեն` 0,022% պարունակությամբ: