Ուկրաինայում ՙԿարմիր նարնջի՚ հեղափոխությունը դաս է Հայաստանի իշխանությունների և ընդդիմության համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
ՙՀայաստանի իշխանություները, վերլուծելով ուկրաինական վարչակարգի թույլ տված սխալները, պետք է վերջապես գիտակցեն, թե ինչի է հանգեցնում տարիներ շարունակ սեփական հասարակության կարծիքն ու դիրքորոշումն արհամարհելը: Հենց քաղաքացիական հասարակության անտեսումը հնարավոր դարձրեց Կիևի փողոցներում հեղափոխությունը: Ընդհանուր առմամբ երկու երկրների իրավիճակները շատ ընդհանրություն ունեն՚,- ընդգծել է նա:
Միաժամանակ վերլուծաբանն ընդգծել է, որ Հայաստանի ընդդիմությունը պետք է բողոքի ակցիաների անցկացման մեթոդներ սովորի ուկրաինացի գործընկերներից: Կիրակոսյանը գտնում է, որ Յանուկովիչի հակառակորդների հաջողության խթան հանդիսացավ բողոքի ակցիաների լայն աշխարհագրությունը:
Մեկնաբանելով մարտի 1-ին նախատեսված հանրահավաքից հետո Հայաստանի ընդդիմության հաջողության հնարավորությունը` Կիրակոսյանը հայտարարել է, որ նման նախադրյալներ չի տեսնում: Նրա կարծիքով, հայկական ընդդիմությունը չափազանց ՙհին՚ է և չի ցանկանում օգտագործել այլ երկրներում, մասնավորապես` Ուկրաինայում հաջողությամբ փորձարկված նորարարական գաղափարները: