Չնայած այն հանգամանքին, որ սահմանամերձ համայնքների բնակիչները ամեն օր ստիպված են դիմակայել թշնամու ոտնձգություններին , ունեն բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ նրանք մտածում են նաև շրջակա միջավայրի, գյուղատնտեսական խնդիրների մասին, քանի որ «պետք է պահեն այն, ինչ ունեն ու փոխանցեն սերունդներին»:
Դրա վառ ապացույցն այն է, որ սահմանամերձ Տավուշի մարզի, Գեղարքունիքի Գիլ համայնքի, ինչպես նաև Կոտայքի Մեղրաձոր համայնքի բնակիչները բերքահավաքի թեժ օրերին ակտիվորեն մեծ հետաքրքրությամբ մասնակցում էին «Սերունդների երկխոսություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինարներին , որոնց հիմնական թեման խոզանի այրման վնասակար ազդեցությունն է գյուղատնտեսության վրա: «Սերունդների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Հանրային իրազեկում» ծրագիրը ՀՀ մարզերում: Նպատակն է բնակչության մոտ արոտավայրերի և խոզանի այրման հետևանքների վերաբերյալ իրազեկության պակասը լրացնել, քանի որ հենց իրազեկված չլինելն է հանգեցնում անտառային հողերի և անտառների խոցելիությունը հրդեհների նկատմամբ:
Ի թիվս աշխարհի շատ երկրների՝ Հայաստանում էլ վերջին տասնամյակներում պետական մակարդակով սկսել են ուշադրության կենտրոնում պահել խոզանի այրման հետևանքով առաջացած խնդիրը: Ավելին՝ 1998թ-ին ՀՀ Կառավարությունը իր N 589 որոշմամբ օրենսդրական կարգավորում է տվել անտառներում և հարակից տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման խնդրին: Ըստ այդմ էլ՝ Հայաստանում օրենքով արգելված է կենցաղային և արտադրական աղբի և խոզանի այրումը:
Հանդիպումների ժամանակ ծրագրի համակարգող Սյուզի Բադոյանը նշեց, որ տերևների այրումը, օրինակ, աղտոտում է օդը, դրա հետևանքով արտանետվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը նպաստում է մոլորակի գլոբալ տաքացմանը: Այրումից անջատվում է թունավոր քիմիական նյութ բենզապիրեն, որը նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը: Անջատված ածխաթթու գազը առավել վտանգավոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ալերգիկ են և ունեն սրտի խնդիր: Բացի այս, առավել վտանգավոր է խոնավ տերևների այրումը, երբ այրումը ավելի դանդաղ է ընթանում և արտանետվում են օդով տեղափոխվող մասնիկներ՝ փոշի, մուր և այլ կարծր նյութեր, որոնք կարող են ներթափանցել թոքեր և առաջացնել հազ, ցավ կրծքավանդակում և շնչառական խանգարումներ:
Ուշագրավն այն է, որ բոլոր համայնքներում բնակիչները համամիտ էին բերված փաստարկներին և նշում էին խնդրո առարկայի շուրջ ավելի լայն հանրային քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը կբերի բնակչության շրջանում արմատավորված այն կարծիքի փոփոխմանը, որ խոզանի այրումը բարձրացնում է հողի բերքատվությունը: Հնչեց նաև առաջարկ թեմայի շուրջ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը ապահովել համապատասխան սոցիալական գովազդների միջոցով: