Air Arabia ավիաընկերությունը վերադառնում է Հայաստանի շուկա և 2013 թ. օգոստոսի 16-ից ձեռնամուխ կլինի Շարժա-Երևան-Շարժա կանոնավոր չվերթերի իրականացմանը, հուլիսի 16-ին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Էյր Արաբիա ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցությունների և հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը:
Նրա խոսքով, առաջին փուլում`մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջը, ընկերությունը կիրականացնի շաբաթը երկու չվերթ, իսկ դրանից հետո կկրկնապատկի թռւչքների հաճախականությունը: Երկու ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի $175 – 190`գումարած անվճար 30 կգ բեռ: Սնունդը ավիատոմսի արժեքի մեջ չի մտնում:
ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, որ ընկերությունն անցյալում արդեն ներկա է գտնվել հայաստանյան շուկայում ոչ այնքան հաջող կերպով, և ինչու է որոշել կրկին այնտեղ վերադառնալ` Հուսամ Րայդանը պատասխանել է, որ ՙշուկաներ վերադարձն ընկերության բիզնեսի մոդելն է՚: Air Arabia –ն հայաստանյան շուկա է դուրս եկել 2005 թվականին և 2006 թ. դադարեցրել թռիչքները: Նրա խոսքով, շուկան փոխվել է դեպի լավը, և ընկերությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նրա գնահատմամբ, ԱՄԷ-ում 5 հազար հայ է բնակվում: Հաստանում բազմաթիվ հնդիկ ուսանողներ են սովորում, իսկ Հնդկաստանը հանգստի համար գրավիչ վայր է հայերի համար: Այս ամենը զբոսաշրջության զարգացման լավ ներուժ է, ասել է նա: Հուսամ Րայդանն ավելացրել է, որ Air Arabia-ն ամենախոշոր փոխադրողն է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որն առաջարկում է տոմսերի ամենամատչելի գներ:
Այն, որ 2010 թվականից արդեն Հայաստան թռիչքներ է կատարում Fly Dubai ավիաընկերությունը, Հուսամ Րայդանը հանգիստ է վերաբերել: ՙԱռողջ մրցակցությունն օգտակար կլինի: Բացի այդ, մենք ունենք ցածր գներ և շատ այլ առավելութուններ՚,- ասել է նա:
Նշենք, որ Air Arabiaն իր գործունեությունն սկսել է 2003 թվականից, ներկայումս ունի 33 A320 Էյրբաս ինքնաթիռ: Ընկերությունը մինչ օրս ընդհանուր հաշվով փոխադրել է 32 միլիոն ուղևոր և ավելի քան 1.4 միլիոն 2013թ-ի առաջին եռամսյակում: