Երևանը ցնցված է Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և ցավակցում է նրա հարազատներին ու մերձավորներին։ Այդ մասին ՙԱզատության՚ հետ զրույցում ասել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
ՙԵրիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները՚,- հայտարարել է նա:
Նշենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված Չինարիի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանը մահացել է, իբր, սուր սիրտ-անոթային անբավարարությունից: