Զաքիր Հասանովին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակելուց հետո հայկական զինված ուժերի հետ շփման գծում սադրանքներ հաճախակի կլինեն: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար, վերլուծաբան Գրիգորի Այվազյանը: Նա կարծում է, որ սադրանքներ կձեռնարկվեն, թերևս, երկրի ներսում ժամանակավոր և կարծեցյալ կայունության ապահովման նպատակով:
ՙՍտեղծելով արտաքին վտանգի առկայության տպավորություն` Իլհամ Ալիևի վարչակազմը փորձում է վերացնել խայտառակ նախագահակաան ընտրությունների հարուցած լարվածությունը՚, - նշել է Այվազյանը: Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հեռացման առնչությամբ, քանի որ ՙպարկետի գեներալը՚, որը Քարվաճառի մոտ ամոթալի պարտություն էր կրել Արցախյան պատերազմի ժամանակ, արդարացիորեն վախենում էր զինված արկածախնդրությունից ընդդեմ Հայաստանի և ԼՂՀ-ի: Այվազյանի կարծիքով, ՆԳՆ նախկին ղեկավար Զաքիր Հասանովի նշանակումը պաշտպանոևւթյան նախարարի պաշտոնում նաև նշանակում է, որ բանակային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել երկրի ներսում հուզումները ճնշելու համար: ՙԶաքիր Հասանովը Ալիևի վարչակազմի դեմ զանգվածային բողոքների ճնշման զգալի փորձ ունի՚, - նշել է Այվազյանը:
Նա նաև նշել է, որ եթե Սաֆար Աբիևը համարվում էր Հեյդար Ալիևի կողմից առաջ քաշված անձ և որոշ չափով ինքնուրույն գործիչ էր, ապա պաշտպանության նոր նախարարը լիովին կախված է Ալիևից, նրա խամաճիկն է: