Նախագահ Սերժ
Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզ կատարած այցելության շրջանակներում
այցելել է Թեփղուտի պղնձամոլիբդենային հանքավայր: Նախագահը մասնակցել է
լեռնահարստացուցիչ համալիրի շինարարության ավարտին և արտադրական գործընթացի
մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը: Բացի այդ, նախագահը ծանոթացել է նաև
Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի
հիմնանորոգման աշխատանքներին:
Թեղուտի ծրագրի առաջին փուլում նախատեսվում է 7 մլն.տոննա հանքանյութի
արդյունահանում: Ըստ միջինացված թվերի, առաջին 10 տարիներին տարեկան կարտադրվի մոտ
64 հազար տոննա պղնձի խտանյութ, 31% պարունակությամբ, ինչպես նաև մոտ 760 տոննա
մոլիբդենի խտանյութ, մինչև 50% պարունակությամբ:
Շահագործման առաջին փուլում իրականացված 350 մլն.դոլար ծավալով
ներդրումների արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ն տարեկան կարտադրի պղնձի և մոլիբդենի
խտանյութեր, մոտ 190 մլն.դոլար արժողությամբ (մեկ տոննա պղնձի գինը եթե կազմի 7
հազար դոլար):
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Վալլեքս» խմբի ընկերությունների
նախագահ Վալերի
Մեջլումյանը, պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտահանվեն հիմանականում դեպի
Եվրոպա: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեղուտի նախագծում
ներդրվել է նոր տեխնոլոգիա, ինչպես նաև իրականացվում են ենթակառուցվածքային
բարեփոխումներ:
Իր հերթին, «Թեղուտ» ՓԲԸ լեռնահումքային վարչության ղեկավարՌոբերտ Դերզյանը
տեղեկացրել է, որ Թեղուտում արդեն արդյունահանվել և պահեստավորվել է 300 հազ.
տոննա հանքանյութ: Եթե 2015 թ.-ին նախատեսվում է արտադրել և վերամշակել 7 մլն.
տոննա հանքանյութ, ապա 2016-ին այդ ցուցանիշը կկազմել է 7.5 մլն տոննա, իսկ 2017
–ին` 9 մլն տոննա: Ակնկալվում է, որ 4-5 տարի անց հանքանոթի արդյունահանումն ու
վերամշակումը կհասնի 12-14 մլն տոննայի:
Ինչ վերաբերվում է ընկերության բնապահպանական քարոզարշավին, ապա նշվել է,
որ անտառատնկման ծրագիրը, որի համաձայն 375 հա անտառի փոխարեն կտնկվի 714 հա
անտառ: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև պատմամշակութային
հուշարձանների պահպանմանը Թեղուտի տարածքում: Ըստ պայմանագրի, ՀՀ ԳԱ Հնեաբանության
և էթնոգրաֆիայի ինստիտուտը պեղումներ է կատարում ընկերության տարածքում, ինչպես
նաև իրականացնում փորձաքննական վերահսկողություն:
Էքսպեդիցաների ընթացքում Թեղուտում գտնվել է բրոնզե դարի մի քանի հնագույն
հուշարձան: Բացի այդ, հայտնաբերվել է նաև միջնադարյան ձուլարան, ինչը վկայում է
այն մասին, որ հանքավայրից օգտվել են նաև հարյուրավոր տարիներ առաջ:
Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ հիմնվել է 2006 թվականին «Վալլեքս» խմբի կողմից:
Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթ
Լիմիթեդ» ընկերությանը, որի 100% բաժնետոմսերը պատկանում են «Արմենիան Քոփր
Պրոգրամ» ՓԲԸ-ին, որը պատկանում է Վալերի Մեժլումյանին: Թեղուտի հանքավայրը
երկրորդն է հանրապետությունում Քաջարանից հանքավայրից հետո: 1991 թվականի
տվյալներով, հանքավայրի պահուստները կազմում են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ
թվում, 0.355% պարունակությամբ 1.6 մլն.տոննա պղինձ և 0.022% պարունակությամբ 99
հազար տոննա մոլիբդեն: