Հայ ծրագրավորողները, ի նշան կենսաթոշակային կուտակային
պարտադիր համակարգի դեմ բողոքի, համակարգչային մկներ են կախել ՀՀ խորհրդարանի
ցանկապատի վրա:
Այն ժամանակ, երբ
ակցիայի մասնակիցները ցանկապատի վրա կախում էին «մկները», Ոստիկանության
աշխատակիցները փորձում էին խոչընդոտել դրան, պնդելով, որ նրանք խախտում են հասարակական
կարգը, իսկ ակտիվիստները շարունակում էին կախել «մկները» ցանկապատի վրա: «Մենք
չենք պատրաստվում համակերպվել մի քանի անձի ցանկությանը, կպայքարենք մինչև վերջ, և
պահանջում ենք, որպեսզի Ազգային ժողովում հավաքված իշխանական կուսակցության
պատգամավորները չբոյկոտեն արտահերթ նիստը», - ասել է ակցիայի մասնակիցը:
Նշենք, որ կենսաթոշակային
կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի
հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր:
Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի
քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման
մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի
համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար
անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի
5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25
հազ.դրամից ոչ ավել): Քանի որ ծրագրավորողների աշխատավարձերը հիմնականում 500
հազ.դրամից բարձր են, ստացվում է, որ նրանց աշխատավարձերից նախատեսվող վճարները
կկազմեն 6.6%: Այս պատճառով էլ հայկական 50 ընկերությունների 2700 ծրագրավորողներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ են հղել, որտեղ իրենց մտահոգությունն են
արտահայտել օրենքի կիրառման
կապակցությամբ: