ՙՎճարում ենք 100 դրամ՚ ակտիվիստները գործարկել են freecar.am կայքը: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստները, freecar.am ակցիային պաշտոնապես միացել է ավելի քան 10 վարորդ, սակայն ոչ պաշտոնապես անձնական օգտագործման մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխում են 100-ից ավելի վարորդներ, իսկ տաքսիներով` էլ ավելի: Ակցիայի նախաձեռնողներն են դերասան Հայկ Մարությանը և բլոգեր Ալեն Սիմոնյանը, ում արդեն միացել են 2 տասնյակից ավելի հայտնի մարդիկ:
Նշենք, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաներն ասկսվեցին հուլիսի 20-ին` 15-20 երիտասարդների կողմից: Ակցիային արդեն միացել են ավելի քան 700 քաղաքացի, երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներ: Հուլիսի 24-ին տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել Գայի արձանի մոտ, թիվ 20 գծի ավտոոբուսները գործադուլ են հայտարարել հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան առջև: Իսկ ՙԸնդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման՚ քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Գործադուլ են հայտարարել նաև թիվ 86 գծի ավտոբուսներն ու թիվ 76ա գծի երթուղային տաքսիները: