Լազերային ձայնագրված սկավառակների շուկան վերահսկվում է բարձր պաշտոնատար անձանց կողմից, և շուկայից ՙանցանկալիներին՚ դուրս մղելու գործին խառնված են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Disc World խանութների ցանցի տնօրեն Կարեն Քյուփելյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նշել է, որ ավելի վաղ ենթարկվել էր խոշոր տուգանքի, իբր ՙպոռնոգրաֆիկ ինֆորմացիայի կրիչներ տարածելու համար՚:
Ըստ Քյուփելյանի, լազերային ձայնագրված սկավառակների շուկայում իրավիճակն ավելի է խորանում նաև նրանով, որ համաձայն 2012 թվականին հոկտեմբերին կառավարության կողմից ընդունված որոշման, ապրիլի 18-ից վաճառվող բոլոր սկավառակների վրա պետք է լինի վերահսկիչ ակցիզային դրոշմ (արժեքը`7,5 դրամ կամ մոտ $ 0.02), սակայն, քանի որ Հայաստանում օգտատերերը կարողանում են ինտերնետից անվճար ներբեռնել ֆիլմեր, երաժշտություն, համակարգչային ծրագրեր և խաղեր, ակցիզը միայն կբարձրացնի լիցենզիոն սկավառակների գինը, իսկ դրանց վաճառքը կդառնա անիմաստ: Քյուփելյանն առաջարկում է, որպեսզի Հայաստանի ինտերնետ-օգտատերերին պարտադրվի վճարովի ներբեռնման մեխանիզմ:
Ասուլիսին մասնակցող` Hi-Fi խանութների ցանցի տնօրեն Արտաշես Բոստանջյանն էլ իր հերթին նշել է, որ նման պայմաններում մեկ սկավառակի գինը կարող է հասնել 5-6 հազար դրամի, ներկայիս 500-3000 դրամի փոխարեն, իսկ շուկան կարող է պարզապես վերանալ: Ըստ նրա, մինչև 2012-ի հոկտեմբերն այս ոլորտում աշխատող խանութներն արտասահմանից գնել են նմանտիպ ապրանքներ, սակայն, անցած վեց ամիսներին ոչ մի կազմակերպություն, բացառությամբ մեկ հայկական ընկերության, չի կարողացել վաճառել ակցիզային պիտակներով այդ Hi-Fi սկավառակները: Մյուս կողմից, պահեստներում գտնվող սկավառակների համար ակցիզային դրոշմեր ձեռք բերելու հրարավորություն նույնպես չկա, քանի որ դրա համար անհրաժեշտ է պայմանագիր կնքել օտարերկրյա սեփականատերերի կամ լիցենզավորված իրավասու անձանց հետ` մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու առումով:
Այդուհանդերձ, ՙRecom-Records՚ ընկերության տնօրեն Դավիթ Խանոյանը համաձայնել է, որ շուկայում խաղի կանոնները պահպանելու դեպքում ակցիզային դրոշմանիշների պարտադիր կիրառումը կբերի նրան, որ վաճառողները չեն կարողանա խուսափել հարկային պարտավորությունների կատարումից:
Ներկայումս ձայնագրված սկավառակների հայկական շուկայի ծավալների վերաբերյալ չկա հստակ տեղեկություն, իսկ այդ ապրանքների արտադրության, ներմուծման և արտահանման գծով պաշտոնական վիճակագրություն չի տարվում: