Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հնարավոր է, թելադրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու գործընթացը շարունակելու իշխանությունների որոշումը, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Դեսպանը նշել է, որ նման մոտեցումը բազմիցս հաստատվել է ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այնպես էլ ներկայիս վարչապետի կառավարման ընթացքում: ՙԴա ենթադրում է ՙև’-և’՚, այլ ոչ թե ՙկա’մ-կա’մ՚ մոտեցում՚,- նշել է դեսպանը: Նա նաև նշել է, որ այդ առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ արտահայտվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցի ժամանակ, երբ նա հայտարարել է, որ Երևանի համար պետք է մշակվի ԵՄ հետ համագործակցության տարբերակված մոտեցում:
Դեսպանը հիշեցրել է, որ Օլանդը նաև կոչ է արել գտնել մեխանիզմներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան շարունակել ԵՄ հետ ասոցացված համագործակցությունը, քանի որ վերջինս իր արժեքներով խորապես եվրոպական երկիր է: