Հայաստանը ոչ մի լծակ
չունի ազդելու Հյուսիսային Իրաքի իրադարձությունների վրա, և անիմաստ է նրա հետ
ինչ-որ հույսեր կապել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է
Միջազգային անվտանգության խնդիրների հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը,
մեկնաբանելով Իրաքի եզդիներին օգնելու` եզդիական կազմակերպությունների բազմաթիվ
կոչերը հայ դիվանագիտությանը:
«Երևանը, լավագույն դեպքում, կարող է իր դիրքորոշումը
հայտնել այդ իրադարձությունների նկատմամբ, ոչ ավելին: Իհարկե, կարելի է նաև այդ
խնդիրը բարձրացնել միջազգային հարթակներում, սակայն` թե ինչու մինչ օրս դա չի
արվել, չեմ կարող ասել: Ինձ թվում է, որ մեր դիվանագիտության լռությունը
վաղուց ոչ ոքի չպետք է զարմացնի», -
կարծում է քաղաքագետը: Նրա ասելով, Հայաստանի ատրաքին քաղաքական գերատեսչությունը
լռում էր նաև հայ-ադրբեջանական սահմանում և ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում ադրբեջանական
բազմաթիվ դիվերսիաների և սադրանքների ժամանակ: «Ի վերջո, եթե ղարաբաղյան խնդրի
առնչությամբ Երևանը լռում է, ապա ինչու՞, ըստ էության, պետք է արձագանքի եզդիների
խնդրին: Ինձ թվում է, այստեղ մենք գործ ունենք կամ ինքնիշխանության, կամ
պրոֆեսիոնալիզմի բացակայության հետ», - նկատել է Սաֆարյանը:
Ինչ
վերաբում է բուն Հյուսիսային Իրաքի իրադարձություններին, մասնավորապես, ոչ
մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ իսլամական գրոհայինների
վայրագություններին, ապա, Սաֆարյանի կարծիքով, միջազգային հանրության
անգործությունը կհանգեցնի աղետալի հետևանքների: «Իսլամական խալիֆայության ի հայտ
գալը լիովին կփոխի իրավիճակը տարածաշրջանում, կմեծացնի անվտանգությանն սպառնացող
վտանգը Մեծ մերձավոր արևելքում: Հաստատվելով Իրաքյան Քրդստանի տարածքում`
իսլամականները դրանով չեն սահմանափակվի և կփորձեն իրենց ազդեցությունը տարածել
հարևանն երկրներում: Եվ մենք` Հայաստանը, մտածելու բան ունենք: Հայտնի է, որ
գրոհայինների շարքերում կռվում են հարյուրավոր ադրբեջանցիներ: Պատկերացնենք, թե
ինչ կլինի, եթե դրանք հանկարծ ներթափանցեն Ադրբեջանի տարածք», - նշել է Սաֆարյանը: