Ուկրաինայի արտգործնախարարությունն
իրազեկված է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի
երեկվա հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում ՀՀ նախագահը Ղրիմի հանրաքվեն համարել է
ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Նա ընդսմին հրաժարվել է
ներկայացնել իր դիրքորոշումը ՀՀ նախագահի այդ հայտարարության առնչությամբ,
ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր
իրավունք ունի ունենալ սեփական դիրքորոշումը: Միևնույն ժամանակ դեսպանը
հավաստիացրել է, որ հայ-ուկրաինական հարաբերություններն ավանդաբար լավ մակարդակում
են եղել բոլոր հարթությունններում, և կա երկկողմ համագործակցության հետագա
զարգացման միտում:
Խոսելով Ուկրաինայի և
Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի կիրառման հնարավորության մասին` դիվանագետը
հավաստիացրել է, որ դա, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վրա չի անդրադառնա:
«Ուկրաինայի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ չկա, կարծում եմ, այսուհետև էլ այդպես
կլինի», - նշել է Կուխտան, հավելելով, որ Ոկրաինայում կա 350 հազարանոց հայ
համայնք, որի ներկայացուցիչները գործուն կերպով ներգրավված են պետության
կենսագործունեության տարբեր ոլորտներում և պետության լիիրավ քաղաքացիներն են:
Մեկնաբանելով ԱՊՀ կազմից
դուրս գալու Ուկրաինայի մտադրությունը` դեսպանը նշել է. «Կարծում եմ, որ
անգործության մատնված կազմակերպության անդամությունը ոչ ոքի հարկավոր չէ: Եթե ԱՊՀ
երկրների արտգործնախարարները մինչ օրս ժամանակ չեն գտել հավաքվելու և քննարկելու
Ուկրաինայի իրավիճակը, նշանակում է, այդ կառույցն անգործության է մատնված, իսկ ում
է հարկավոր չգործող կազմակերպության անդամությունը»:
Անդրադառնալով Ղարաբաղի
հակամարտությանը` դեսպանն ընդգծել է, որ Ուկրաինան պաշտպանում է հիմնախնդրի խաղաղ
կարգավորմանը նպատակաուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: