Լեհական LOT ավիաընկերությունն ամռանը կվերսկսի ուղիղ չվերթները դեպի Երևան: Այս մասին ապրիլի 22-ին, Երևանում իր աշխատանքներն սկսած` հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում հայտարարել է Լեհաստանի էկոնամիկայի փոխանախարար Տոմաշ Տոմչիկևիչը:
ՙLOT ավիաընկերության գլխավոր տնօրենն ասաց, որ արդեն հունիսի երկրորդ կեսին կվերսկսվի Վարշավայից Երևան ուղիղ չվերթների իրականացումը՚,-տեղեկացրել է փոխնախարարը: Նրա խոսքերով, ՙառանց ուղիղ հաղորդակցությունների դժվար է խոսել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՚:
Հիշեցնենք, որ լեհական ավիաընկերությունը, բրիտանական British Airways և լատվիական Air Baltic ընկերությունների հետ մեկտեղ անցյալ տարվա կեսերին դադարեցրել էին դեպի Երևան չվերթների իրականացումը: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսեսյանը մարտի վերջին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նրանք դադարեցրեցին թռիչքները ՙկոմերցիոն նկատառումներով՚: Պատճառների շարքում նշվում էր նաև ՙոչ ազատ երկինքը՚, ինչպես նաև ՙԶվարթնոց՚ օդանավակայանի բարձր գները: Ներկայումս, ՙԱրմավիա՚ ընկերությանն անվճարունակ հայտարարելուց հետո, դեպի Հայաստան ավիաթռիչքներ են իրականացնում ՙԱերոֆլոտ՚, SarAvia, S7, Polet Airlines, UTair, Transaero, Lufthansa, Air France, Austrian Airlines, ինչպես նաև Aseman Airlines, Czech Airlines և Fly Dubai. ավիաընկերությունները: