Վաղ առավոտից քաղաքացիական ակտիվիստները Երևանում թռուցիկներ են փակցնում`կառավարության որոշմանը չենթարկվելու և հասարակական տրանսպորտով երթևեկության համար 150 դրամ չվճարելու կոչերով:
Ակտիվիստների հաղորդմամբ, նրանցից ոմանք ակցիայի ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Այս տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին մասամբ հաստատել են Ոստիկանության մամլո ծառայությունում: Ոստիկանության համաձայն, Մաշտոցի բաժին է տեղափոխվել 28-ամյա Արսեն Օհանյանը, ով այդ թռուցիկները փակցրել է շենքերի պատերին: Ոստիկանության հավաստմամբ, նրան բերման ենթարկելու առիթ են հանդիսացել քաղաքացիներից ստացված բողոքները: Ներկայումս Օհանյանը ցուցմունք է տալիս ոստիկանության Մաշտոցի բաժնում:
Նշենք, որ հուլիսի 20-ից, ՀՀ կառավարության որոշմամբ, հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացել է 50 դրամով, ինչը բուռն հասարակական արձագանք է գտել`էներգակիրների, բուհերում վարձավճարների և պարենային ապրանքների թանկացման պայմաններում: